


Արմինֆո. Փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Քննչական մարմնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արթուր Պողոսյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության շրջանակներում փոխադարձ իրավական հարցումները պատշաճ կերպով կատարվում են։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՔԿ ղեկավարին երկու իրավապահ մարմինների միջև իրականացվող ամենօրյա աշխատանքի համար՝ ընդգծելով, որ սերտ համագործակցությունը պաշտպանում է Ղազախստանի քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները և ապահովում է տարբեր հարցերի արագ լուծումը։
«Հանդիպման ավարտին կողմերը նշել են, որ համատեղ ջանքերով կարող են ավելի արդյունավետ դարձնել միջազգային իրավական համագործակցությունը Հայաստանում և Ղազախստանում հարուցված քրեական գործերով, այդ թվում՝ միջազգային հանցագործության, կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործությունների դեմ պայքարում», - ասվում է ՔԿ-ի հայտարարության մեջ։



