
Արմինֆո. "Իմնեմնիմի" փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով միայն լրագրողների օգնությամբ է կարողացել հիշել ընդդիմադիր բլոգերի անունը, ում հետաքննությունը մեղսագրում է խուլիգանություն՝ իր խոսքում հայհոյանք օգտագործելու համար:
Ընդ որում, առողջապահության նախարարը հրաժարվել է այդ դրվագի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել՝ հղում անելով բժշկական գաղտնիքին: "Ես այս մասով ուրիշ բան չեմ կարող ավելացնել, քանի որ դա բժշկական գաղտնիք է։ Եթե նա (Սամսոնյանը - խմբ.) ցանկանա, ապա ինքն այդ մասին կտեղեկացնի", - նշել է Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ այսօր Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր անձ ստանում է ողջ ծավալով բուժօգնություն, բայց եթե նրանցից որևէ մեկը հրաժարվում է պետության կողմից տրամադրվող բուժսպասարկումից, ապա նրանք հնարավորություն ունեն այն ստանալ իրենց ընտրած բժշկական կենտրոնում: "Հայաստանում օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ մոտեցումը, ներառյալ առողջության իրավունքը, անշեղորեն վերահսկվում են", - ամփոփել է Ավանեսյանը:
Նախօրեին սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածվել են Սամսոնյանին սայլակով դատական նիստին բերելու կադրերը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին 2025 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությամբ ՝ իր հասցեին, իբր, հայհոյանք հնչեցնելու համար: Քննությունը նրանց մեղադրում է խուլիգանության համար։ Հատկանշական է, որ այդ հայտարարությունը հաջորդել է այն բանից հետո, երբ Սիմոնյանն առաջինն էր վիրավորել փոդքասթի հաղորդավարներին՝ Facebook-ի իր էջում հրապարակված գրառման մեջ, որից հետո էլ նրանք պատասխանել էին նրան: Հունվարի 9-ին դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է "Իմնեմնիմի" փոդքասթի հաղորդավարների կալանքը, որից հետո Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ՝ ի նշան անարդար դատաքննության դեմ բողոքի: Հացադուլից մեկ շաբաթ անց Սամսոնյանի մոտ առողջական խնդիրներ են սկսվել ։ Հունվարի 23-ին նա տեղափոխվել է "Իզմիրլյան" բժշկական կենտրոն, որտեղ հացադուլից հետո վերականգնվում է և պատրաստվում վիրահատության: