


Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարար Մանոլ Գենովի հետ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղղությունները։
Նախարարը ներկայացրել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային առաջնահերթությունները՝ անդրադառնալով առաջիկա միջոցառումների հիմնական շեշտադրումներին ու սպասվող աշխատանքային փուլերին։ Ընդգծել է , որ համաժողովը կարևոր հարթակ է՝ կենսաբազմազանության պահպանության ու կայուն զարգացման նպատակների շուրջ համատեղ քայլերն ու մոտեցումները համադրելու համար։
Առանձնակի ուշադրություն են դարձրել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հիմնահարցերին՝ ջրի խնայող և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, ջրային էկոհամակարգերի պահպանությանը, ինչպես նաև ջրային ռիսկերին դիմակայելու և կանխարգելման միջոցառումներին։ Այս համատեքստում կարևորել են փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների խթանումը։
Պայմանավորվել են շարունակել մասնագիտական շփումները և առաջիկայում դիտարկել կոնկրետ համագործակցային հնարավորություններ։



