
Արմինֆո. Ավստրո-գերմանական ջութակահար, երաժիշտ-մանկավարժ Կարլ Ֆլեշի "Ջութակ նվագելու արվեստից" հետո հայկական պրոֆեսիոնալ երաժշտական հանրությանը հասանելի կդառնան նաև նրա ջութակի գամմաները: Այդ մասին Կառլ Ֆլեշի "Ջութակ նվագելու արվեստը" ձեռնարկի հայերեն հրատարակությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը։
Նշելով որ ավստրո-գերմանական մանկավարժի պատմական նշանակությունը երաժշտության մեջ՝ Թոփչյանը կիսվել է այն շրջանի հիշողություններով, երբ ջութակ էր դասավանդում ՝ կիրառելով Կարլ Ֆլեշի գամմաները։ «Ես շատ լավ ծանոթ եմ նրա գամմաներին: Շատ տարիներ առաջ ես՝ ինքս, նվագել եմ դրանք և զգացել դրանց օգուտը։ Ես ունեցել եմ մի քանի տաղանդավոր աշակերտ, որոնց թվում է նաև կինս՝ Անուշ Նիկողոսյանը։ Այս բոլոր երաժիշտները դարձել են նշանավոր ջութակահարներ։ Ամեն օր դասարանում նրանք մանրամասն ուսումնասիրել և նվագել են Կառլ Ֆլեշի գամմաները: Մեզ համար դա նման էր Աստվածաշնչին. դասը միշտ սկսվում էր դրանից: Արդյունքները, պարզապես, ֆենոմենալ էին", - ասել է դիրիժորը:
Անդրադառնալով "Ջութակի նվագելու արվեստը" հայերեն թարգմանված հրատարակությանը ՝ Թոփչյանը նշել է, որ այդ ձեռնարկը բարձր գնահատականի է արժանացել մասնագետների, այդ թվում ՝ գերմանացի ջութակահարուհի Աննե-Սոֆի Մուտտերի կողմից, ով գրել է գրքի առաջաբանը:
Հայերեն թարգմանությունը հրատարակվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ լիցենզիոն պայմանագրի հիման վրա։ Գերմաներենից հայերեն թարգմանիչն ու գլխավոր խմբագիրն է ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանը: Գերմաներեն հրատարաակության խմբագիրներն են Մաքսիմիլիան Սիմոնն ու Նադին Կոնտինին։
Բեկումնային նշանակության այս նախագիծն իրականացվել է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի կողմից ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ՝ "Ամարյան" բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Primavera հիմնադրամի համահիմնադիր Ելենա Յակովլևան նշել է, որ գիրքը լույս է տեսել 300 օրինակ տպաքանակով: Սակայն Գերմանական հրատարակչության հետ լիցենզիայով, ընդհանուր առմամբ, անհրաժեշտության դեպքում կհրատարակվի ևս 200 դասագիրք:
«Այս գիրքը ոչ մի տեղ հնարավոր չէ գնել: Այն կարող են անվճար ստանալ միայն պրոֆեսիոնալ մանկավարժներն ու երաժիշտները՝ դիմելով մեզ։ Այս նախագծում, որը տևեց 8 ամիս, ինչ - որ բան կարող էր այնպես չգնալ. մենք կարող էինք չունենալ թարգմանիչ, որը տիրապետում է երեք լեզուների և ունի պրոֆեսորի կարգավիճակ Գերմանիայում, մեզ կարող էր չհաջողվել համաձայնության գալ հրատարակչության հետ, որը կհամաձայներ ամեն ինչ անել ժամանակին և այնպես, ինչպես պետք է, մենք կարող էինք միջոցներ չգտնել այդ նախագծի իրականացման համար, մենք կարող էինք չկարողանալ հաստատել այդ հրատարակության ակադեմիական պիտանիությունը Կոմիտասի անվան կոնսերվաատորիայի մակարդակով։ Դա վստահության գործընթաց է, որին մասնակցել են ավելի քան 20 մասնագետներ", - ասել է նա ։
Արամ Բադալյանն, իր հերթին, նշել է, որ թարգմանության վրա աշխատելիս ամենադժվարը գերմաներենի գեղեցկությունը փոխանցելու և շարադրանքի հստակության միջև ընտրությունն էր: Հայերեն տարբերակում նա ընտրել է որոշակի հավասարակշռություն, որպեսզի տեքստը լինի բավականին նրբագեղ և, բայց միևնույն ժամանակ, գործնական և հասկանալի ժամանակակից ընթերցողի համար: «Երբ Ելենա Յակովլևայից առաջարկ ստացա թարգմանել այս գիրքը, ես շատ ոգևորվեցի այդ գաղափարից և անմիջապես համաձայնեցի: Իհարկե, այն ժամանակ ես չէի պատկերացնում աշխատանքի ամբողջ ծավալը . արդյունքում անքուն ամիսներ անցկացրի այդ թարգմանության վրա։ Դա, հավանաբար, ամենաբարդ աշխատանքն է, որ ես երբևէ կատարել եմ, բայց, միևնույն ժամանակ, որը հսկայական հաճույք է պատճառում", - նշել է նա։ Ջութակահարը պատմել է նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո ինքն ու իր զինակիցները որոշել են ամեն կերպ աջակցել պատմական հայրենիքին ՝ իրենց մասնագիտական կարողությունների շնորհիվ օգնություն ցուցաբերելով։ Հետևաբար, Յակովլևայի առաջարկն ավելի քան տեղին էր, քանի որ այն լիովին համապատասխանում էր նրա տեսլականին և առաքելությանը:
Մաքսիմիլիան Սիմոնն ընդգծել է, որ իր համար Հայաստանի հետ կապն առանձնահատուկ նշանակություն ունի: «Լինելով Primavera հիմնադրամի ջութակի բաժնի ղեկավար՝ ես վարպետության դասերով շատ եմ ճանապարհորդել երաժշտական ուսումնական հաստատություններով և հասկացել եմ, որ ամենուր զգացվում է տեղեկատվության՝ մեկ աշխատության պակաս, որի վրա կարող են հենվել մասնագետները: Այս իմաստով Կառլ Ֆլեշի գրքի հայերեն թարգմանությունը դարձել է լավագույն լուծումը․ սա բոլոր ժամանակների առավել հեղինակավոր ուսումնական մեթոդներից մեկն է», - նշել է նա:
"Ամարյան" բարեգործական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լենա Գյուլխասյանը պատմել է, որ հիմնադրամը նախագծեր ընտրելիս առաջնորդվում է նրանով, որ վերջիններս երկարաժամկետ, շարունակական ազդեցություն ունենան Հայաստանի մշակույթի, կրթության, երիտասարդության և սպորտի զարգացման վրա: «Եվ այս ծրագիրը համապատասխանում էր մեր սկզբունքներին: Հպարտ ենք, որ տեսնում ենք արդյունքը, և վստահ ենք, որ առաջիկա տասնամյակներին գիրքը կծառայի իր նպատակներին», - ասել է նա:
Ասուլիսի ընթացքում նշվել է նաև, որ "Ամարյան" հիմնադրամի աջակցությամբ Մաքսիմիլիան Սիմոնը վարպետության դասեր կանցկացնի հայ պատանի ջութակահարների համար:
Նշենք, որ "Ջութակ նվագելու արվեստը" ձեռնարկի հրատարակումը կնշանավորվի գալա համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 19 :00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Որպես մենակատարներ հանդես կգան գրքի գերմանական նոր հրատարակության խմբագիրը և հայերեն հրատարակության թարգմանիչը՝ ջութակահարներ Մաքսիմիլիան Սիմոնը և Արամ Բադալյանը: Ծրագրում կհնչեն Կորնհոլդի և Մ. Բրուխի ջութակի կոնցերտները, ինչպես նաև Մ. Գլինկայի "Ռուսլան և Լյուդմիլա" օպերայի նախերգանքը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: