
Արմինֆո. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը հետաձգվում է նրա առողջական վիճակի պատճառով: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Մասնավորապես, նա պատմել է, որ վիրահատությունը պետք է տեղի ունենար "Իզմիրլյան" բժշկական կենտրոնում, ինչի նպատակով էլ այնտեղ է տեղափոխվել Շիրակի թեմի առաջնորդը ։ «Վիրահատությունը դեռ ձգձգվում է` պայմանավորված Սրբազանի առողջական այլ խնդիրներով: Բժիշկներն այս պահին առողջական վիճակի կայունացման ուղղությամբ են աշխատում, երբ Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը», - նշել է խորհրդարանականը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաղորդել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շտապ վիրահատական միջամտության կարիք ունի: Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվել էր հունիսի 28-ին Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմամբ:
Հոգևորականը մեղադրվում է իշխանությունը բռնի տապալելու կոչեր անելու համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է այն կոչերին, որոնք հնչեցվել են մեկ տարի առաջ և ՀՀ ԱԱԾ-ի կողմից ճանաչվել են որպես հանցակազմ չպարունակող։
Այդուհանդերձ, ըստ ՔԿ-ի, քրեական գործի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է, որ բազմիցս առաջարկել է Հայաստանի Հանրապետության երկու նախկին նախագահներին ռազմական հեղաշրջում իրականացնել՝ բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմիններում նմանատիպ պաշտոններ զբաղեցրած գեներալների միջոցով:
"Այսպիսով, Մ.Ա. - ն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, իրականացրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր", - ասվում էր հաղորդագրության մեջ: Մ.Ա. - ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր):