


Արմինֆո. Երևանում օդի աղտոտվածության հարցը պետք է լուծել օրենսդրական մակարդակով։ Այդ մասին նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ վերջին շրջանում նկատվում է շրջակա միջավայրի վիճակի կտրուկ վատթարացում։ Երեւանը, որը գտնվում է գոգահովտում, կլիմայական փոփոխությունների պայմաններում հայտնվել է բարդ իրադրությունում։
ԱԺ նախագահը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջացած խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խումբ ձևավորելու որոշման մասին: "Մենք պետք է որոշենք․ կամ շարունակում ենք թույն ներշնչել, և տարբեր, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդությունների պատճառով կորցնելու ենք մեր հարազատներին ու մերձավորներին, կամ իրավիճակից ելք ենք գտնում, այսպես այլևս չի կարող շարունակվել", - ասել է Ալեն Սիմոնյանը:
Նա նշել է, որ արդեն շատ մոտ ապագայում կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կվերաբերեն հին մեքենաների նկատմամբ պատասխանատվության կոշտ միջոցներին, որոնցից արտանետվող գազերը թունավորում են օդը: Նաև պատասխանատվության լուրջ միջոցներ կկիրառվեն շինարարական կազմակերպությունների նկատմամբ, որոնք խախտում են բնապահպանական նորմերը։ Այս եւ մյուս բոլոր երեւույթները, ինչպես նշել է ԱԺ խոսնակը, կհայտնվեն շատ կոշտ օրենսդրական կարգավորումների ներքո։



