
Արմինֆո. ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ԱԺ հաղորդագրության համաձայն, «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում ՀՀ-ի, մարզպետների, համայնքների, ՀՀ-ի եւ օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների եւ ֆիզիկական անձանց միջեւ հարաբերությունները:
Ինչպես նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ներկայացնելով օրինագիծը, օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման եւ իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների եւ հանձնառությունների, կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման եւ իրականացման համար՝ ներառյալ կլիմայի փոփոխության հետեւանքներից բնակչության, տնտեսության եւ ենթակառուցվածքների պաշտպանությունը եւ դրանց դիմակայունության ամրապնդումը:
Օրենքի խնդիրներն են՝ ձեւավորել կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունքների գնահատման, այդ գործընթացների համակարգման եւ հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգը, ամրագրել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, նպաստել կլիմայական քաղաքականության իրականացման համար կայուն ֆինանսական հոսքերի ձեւավորմանը՝ գործող եւ նորարարական մեխանիզմների շարունակական կիրառման միջոցով:
Հիմքեր ապահովել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգի կայացման եւ շարունակական զարգացման համար, նպաստել շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը՝ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը եւ բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: