


Արմինֆո.ԱՊՊԱ պայմանագիր կնքելու անհնարինության պատճառով տրանսպորտային միջոցների շահագործմանն առնչվող արցախցիների խնդիրը լուծվել է։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այսօր Ազգային ժողովի ամբիոնից դիմելով պատկան մարմիններին՝ բարձրաձայնեցի, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները չեն կարողանում կնքել ԱՊՊԱ պայմանագրեր, ինչի պատճառով խոչընդոտվում է վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների շահագործումը:
Խնդրի կապակցությամբ ինձ էին դիմել բազմաթիվ հայրենակիցներ՝ հայտնելով, որ փաստացի զրկվում են իրենց ապրուստի միակ միջոցից:
Քիչ առաջ տեղեկացա, որ խնդիրը լուծվել է, եւ ապահովագրական ընկերությունների հետ հնարավոր է դարձել գործընթացի անխոչընդոտ իրականացումը: Ուրախ եմ, որ կարողանում ենք փոքր-ինչ թեթևացնել արցախցի մեր հայրենակիցների հոգսերը», -գրել է ընդդիմադիրը:
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հաղորդել էր, որ ՀՀ պարեկապահակային ծառայության աշխատակիցները 100 հազար դրամով տուգանում են արցախցի վարորդներին՝ առանց ապահովագրության երթևեկելու համար։ Նոր կանոններով, որոնք գործում են 3-րդ տարին, ապահովագրությունը կարելի է ձևակերպել միայն Հայաստանի բանկային հաշվի առկայության դեպքում:



