
Արմինֆո. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ կոչ անելով չդիպչել հայ ժողովրդին, այլ հոգ տանել, որ նա ապահով ապրի:
"Մարդիկ վախենում են ինչ-որ բան ասել (Փաշինյանի դեմ) ։ .. Նրա մարտավարությունն այն է, որ նա մեղադրում է ընդդիմությանը, թե, իբր, այդ ընդդիմությունն է արժեզրկում հայ ժողովրդին։ Մեր ժողովուրդն ամենալավն է, ամենալավ ժողովուրդը, պարոն Փաշինյան։ Պետք չէ ժողովրդին դիպչել։ Ժողովրդի մասին պետք է հոգ տանել, պետք է այնպես անել, որ ժողովուրդը լավ ապրի, որ ժողովուրդը ապահով լինի, որ իրենց երեխաներն ապագա ունենան ։ Իսկ դուք ի՞նչ եք անում",- հայտարարել Է Աբրահամյանը՝ "ՌԻԱ Նովոստի"-ին:
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ Փաշինյանի բանակցություններին ՝ ՌՀՄ ղեկավարը փաստել է, որ Հայաստանի վարչապետը չի հայտնում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ իր բանակցությունների բովանդակության մասին, թեև, պետք է ընտրողներին տեղեկացնի, թե ինչի մասին է պայմանավորվում:
"Ահա հանդիպել է Ալիևի հետ, մինչ այդ հանդիպել էր Էրդողանի հետ ։ Հստակ պատկերացում չկա, թե ինչու է նա այնտեղ հանդիպել, ինչ է պայմանավորվել, ինչ է ստորագրել այնտեղ։ Իսկ մենք հետո անակնկալի եկանք՝ ինչպես Ղարաբաղը տվեց ... Այդպես չի արվում, դա, ընդհանրապես, նորմալ չէ: Նա պետք է ասի. "Ես հանդիպել եմ, բանակցել եմ այս և այս հարցերի շուրջ, այնտեղ շատ տեղեկություններ կան, որոնց մասին ես չեմ կարող խոսել": Որպեսզի մենք հասկանանք, թե ինչ տեղեկատվություն է, ինչի մասին է խոսքը", - հայտարարել է Աբրահամյանը։
Նրա տեղեկություններով՝ պետությունների ղեկավարները քննարկում են, մասնավորապես, Հայաստանի Սյունիքի մարզով անցնող միջանցքը, որը պետք է Նախիջևանը միացնի մնացած Ադրբեջանին։
"Այո, այդ ամենը մենք հասկանում ենք, բայց ասա: Բայց, ցավոք՝ ոչ", - նշել է Աբրահամյանը։ Նա նաև դժգոհել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ Փաշինյանը "գլուխը կախ է քայլում"։
Ալիևի և Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում: Բանակցությունների արդյունքում Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երկու հանրապետությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ եւ հանձնարարել շարունակել երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման աշխատանքները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին աշխատանքային այցը Ստամբուլ կատարել է հունիսի 20-ին: Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծել կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին: