


Արմինֆո. Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտգործնախարարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին ՝ ժամը 12:00-ին: Սակայն, հրադադարի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց, հայկական պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, որ անտեսելով հայտարարված մարդասիրական հրադադարը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին հարձակում են ձեռնարկել "Կարախամբեյլի" տեղամասի վրա, Իսկ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան միջոցներ են ձեռնարկել հակառակորդի հարձակումը կասեցնելու ուղղությամբ: Մարտական գործողությունները շարունակվել են նաև ռազմաճակատի այլ հատվածներում։ Րոպեներ առաջ Պաշտպանության բանակը հաղորդել է, որ ճակատի բոլոր հատվածներում, բացի Հադրութից, համեմատաբար հանգիստ իրավիճակ է։



