
Արմինֆո. Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա... Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը ՝ անդրադառնալով "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Արդարադատությունը կրկես չէ... Ցանկացած ավտորիտարիզմ ծնվում է նույն կերպ․ արդարադատությունը վերածվում է բեմականացման, իսկ դատարանները փոխարինվում են տեսախցիկներով: Էժան բեմականացումը կարող է մեկ օրով գլխավորել լրատվականների առաջին էջերը, բայց այն երբեք չի կարող փոխարինել հանրային վստահությանը։ Այն պահին, երբ քաղաքացիները սկսում են հավատալ, որ արդարադատությունը այլևս ընտրովի է, իսկ պետական ինստիտուտները ծառայում են քաղաքական շահերին, այլ ոչ օրենքին, ամենամեծ զոհն արդեն ոչ թե հետապնդման ենթարկված անձն է, այլ հենց ինքը՝ պետությունը:
Այս պատմության ամենամեծ դասը ոչ թե Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակն է, այլ այն հարվածը, որը հասցվում է պետության հեղինակությանն ու հանրային վստահությանը:
Ուղերձը հստակ է՝ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա...
Ափսոս էր հազարամյակներով փայփայած և անմարդկային զրկանքներով կռած հայոց պետականությունը նման մանր բախտախնդիրների մանր երազանքներին ծառա դարձնելը...», - գրել է նախկին պատգամավորը։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը երկու ամսով կալանավորել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին: Հուլիսի 7-ի երեկոյան Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալման կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները կոշտ ձևով ձերբակալում քաղաքական գործչին և պառկեցնում հատակին՝ այն պայմաններում, երբ նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում: Ընդ որում, Քննչական կոմիտեի տվյալ կադրերը բացասական արձագանք են հարուցել հայ հասարակության շրջանում։ Քաղաքացիները մեծ մասամբ վրդովմունք են հայտնել 70-ամյա քաղաքական գործչին ձերբակալելու նման մեթոդների առնչությամբ, ում մեղադրում են տնտեսական հանցագործությունների համար: Փորձագետները քաղաքական գործչի և գործարարի նկատմամբ այդ գործողությունները որակել են քաղաքական հաշվեհարդար, որն ընդհանուր ոչինչ չունի արդարադատության հետ: