
Արմինֆո.Երևանի ավագանին հունիսի 23-ի նիստում ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել Արսեն Ամիրյան փողոցը Պապ Թագավորի փողոց վերանվանելու մասին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս հարցը ներառված է եղել նիստում չքննարկվող հարցերի փաթեթում, քանի որ դրա շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Սակայն ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել նման մոտեցմանը՝ առաջարկելով այն տեղափոխել քննարկվող հարցերի շարք։
Մասնավորապես, «Հանրային ձայն» խմբակցությունից ավագանու անդամ Վահագն Ավագյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը դեմ է այս նախագծին։
Նրան աջակցել է «Մայր Հայաստան» խմբակցությունից ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը՝ նշելով, որ այս հարցի շուրջ կոնսենսուս չկա ինչպես ավագանիում, այնպես էլ հասարակության մեջ։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ փողոցի վերանվանման հարցը ընթացիկ տարվա ապրիլից քվեարկության է դրվել «Ակտիվ քաղաքացի» հարթակում։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում հրապարակումն ընդամենը 226 դիտում է ունեցել. 30 մարդ կողմ է քվեարկել վերանվանմանը, իսկ 7-ը՝ դեմ։
Սուքիասյանն ընդգծել է, որ դեմ չէ Երևանում Պապ թագավորի անվամբ փողոց ունենալուն, սակայն տվյալ դեպքում, նրա կարծիքով, տպավորություն է ստեղծվում, թե գլխավոր նպատակը հենց «Ամիրյան» անվանումից հրաժարվելն է։
Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ, ամենայն հարգանքով հանդերձ Արսեն Ամիրյանի ժառանգների նկատմամբ, չի կարծում, թե այդ մարդը մարմնավորում է այն արժեքները, որոնց պատվին պետք է անվանակոչվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկը, որը հարում է Հանրապետության հրապարակին։
Նշենք, որ չքննարկվող հարցերի ցանկում ներառված են եղել նաև մայրաքաղաքի մի շարք այլ փողոցների վերանվանման մասին որոշումներ, որոնք կկրեն Գուրգեն Էդիլյանի, Ավետ Տերտերյանի, Անանիա Շիրակացու, Կոստանդին Երզնկացու, Գրիգոր Եղիազարյանի և Էդուարդ Բաղդասարյանի անունները։
Քվեարկության արդյունքներով չքննարկվող հարցերի փաթեթի ընդունմանը կողմ է քվեարկել ավագանու 31 անդամ, 15-ը դեմ են արտահայտվել, ևս 5-ը՝ ձեռնպահ։
Հիշեցնենք, որ Արսեն Ամիրյանը բոլշևիկ հեղափոխական է, լրագրող և Բաքվի 26 կոմիսարներից մեկը։
Նա ծնվել է Բաքվում 1881 թվականին՝ հայկական ընտանիքում։ Սովորել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, մասնակցել է հեղափոխական շարժմանը, զբաղվել հրապարակախոսությամբ և եղել է բոլշևիկյան «Բակինսկի ռաբոչի» թերթի խմբագիրը։ 1918 թվականի իրադարձությունների ժամանակ եղել է Բաքվի կոմունայի ղեկավարության կազմում։ Կոմունայի անկումից հետո ձերբակալվել է և 1918 թվականի սեպտեմբերին մյուս կոմիսարների հետ միասին գնդակահարվել Անդրկասպյան ավազանուում։