


Արմինֆո. Հայաստանում կհայտնվի ևս մեկ տոնական օր՝ Նավասարդը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում քննարկում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում պահպանում են գոյություն ունեցող տոներն ու հիշատակի օրերը և դրանք բերում են առավել պատշաճ տեսքի՝ ապահովելով ժամանակագրությունն ու տրամաբանությունը: Հեղինակն առաջարկում է նաև օրենքում ավելացնել ևս մեկ տոն՝ Նավասարդը՝ այն ամրագրելով որպես հայ ազգային ավանդույթների, մշակույթի և միասնության օր։ Առաջարկվում է այն նշել օգոստոսի 11-ին։ Հեղինակը կարծում է, որ այս տոնը ոչ միայն կնպաստի ազգային մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը, այլև կարևոր օր կդառնա սփյուռքահայերի՝ տոնական միջոցառումներին մասնակցության տեսանկյունից։ Այդուհանդերձ, այդ օրը լինելու է աշխատանքային։
Հեղինակի մեկ այլ առաջարկն է՝ ազգային փոքրամասնությունների հետ կապված որոշ տոներ կամ հիշատակի օրեր սահմանել որպես ոչ աշխատանքային օրեր: Պատգամավորն առաջարկում է նաև ոչ աշխատանքային օրեր սահմանել կամ այլ լուծում գտնել Հայ Առաքելական Եկեղեցու հիմնական տաղավար տոների՝ Սուրբ Ծննդյան, Զատկի, Վարդավառի, Սուրբ Աստվածածնի Վերափոխման և հաջորդող մեռելոցների (հիշատակի օրերի) համար:
Երևանի օրվա համանմանությամբ՝ առաջարկվում է սահմանել մարզային տոներ, որոնք կնպաստեն ներքին տուրիզմի զարգացմանը։



