
Արմինֆո. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրության մասին կմտածի, երբ հարցը կտրուկ դրվի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայում՝ "Վեստիի" համար Պավել Զառուբինի հետ հարցազրույցում:
"Երբ գործը հասնի նրան, որ այդ հարցը կտրուկ դրված լինի, այն ժամանակ որոշակիություն կլինի այդ հարցի առնչությամբով, այն ժամանակ սթրես-թեստեր կիրականացնենք՝ եթե նման անհրաժեշտություն լինի: Այժմ մենք, պարզապես, նման սցենար չենք դիտարկում", - ասել է Հայաստանի փոխվարչապետը։ Նա նշել է, որ այժմ Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի դրված։
Ընդ որում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը հաշվարկել է տնտեսության հնարավոր վնասը ԵԱՏՄ-ի հետ կապերի կասեցման կամ խզման դեպքում, Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ծրագրում խզել կապերը Եվրասիական տնտեսական միության հետ:
"Իսկ մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարց չկա։ Համապատասխանաբար, հաշվարկներ անելու անհրաժեշտություն մենք այս պահին չենք տեսնում", - ասել է Հայաստանի փոխվարչապետը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔվե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, որն ուղարկվել է Հայաստանի խորհրդարանի հաստատմանը։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է: Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել էր հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ և ԵԱՏՄ անդամության հարցում ՝ նշելով հարկ եղած դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը: Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵԱՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն։ Իսկ արդեն մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանից պահանջել են հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում գտնվելու հարցի շուրջ։