


Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներն ընդունել են հայտարարություն միությունում Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ, որը փոխանցվել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
"Ընդունվել է չորս ղեկավարների հայտարարությունը", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա, հավելելով, որ Գրիգորյանը փաստաթուղթը կհասցնի Երեւան: Ուշակովը հստակեցրել է, որ հայտարարությունը կհրապարակվի Կրեմլի կայքում:
Ուշակովը մայիսի 27-ին հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ երկրների մյուս առաջնորդներն Աստանայում միավորման գագաթնաժողովում կքննարկեն Եվրամիությանը Երևանի անդամակցության ծրագրերը, որոնք չեն կարող մտահոգություն չառաջացնել այն երկրների շրջանում, որոնք Հայաստանի հետ համագործակցում են Եվրասիական միության շրջանակներում:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել էր հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ և ԵԱՏՄ անդամության հարցում ՝ նշելով հարկ եղած դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը: Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵԱՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔվե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, որն ուղարկվել է Հայաստանի խորհրդարանի հաստատմանը։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է:



