


Արմինֆո.System Of A Down (SOAD) պաշտամունքային ռոք խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը՝ Երևանում խմբի համերգի անցկացման վերաբերյալ։
Instagram սոցիալական ցանցի իր էջում Թանկյանը, հարցադրում անելով՝ «SOAD-ի համերգը Երևանո՞ւմ», գրել է, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ շփոթմունք է առաջացել։
Երաժիշտը հայտնել է, որ ավելի վաղ իսկապես նախատեսվում էր ելույթ ունենալ այս տարվա հուլիսին, սակայն լոգիստիկ և այլ բարդությունների պատճառով որոշում է կայացվել հետաձգել համերգը։ «Մենք կհայտարարենք նոր ամսաթվի մասին հենց որ այն համաձայնեցվի։ Շնորհակալություն»,- գրել է Թանկյանը։
Այս կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ հուլիսին SOAD-ի համերգի անցկացման հարցը քննարկվել է։ Այդուհանդերձ, մի շարք կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ ժամկետների հետ կապված, թույլ չեն տալիս համերգն անցկացնել հուլիսին։ «Սակայն համերգի անցկացումը մնում է օրակարգում, և առաջիկայում մենք խմբի հետ կհամաձայնեցնենք ժամկետները»,- հայտնել է Անդրեասյանը։
Նշենք, որ օրեր առաջ Ավան վարչական շրջանում ընթացող քարոզարշավի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր այս տարվա հուլիսին Երևանի Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգի անցկացման մասին։



