


Արմինֆո. ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ, և եթե Հայաստանի իշխանությունները դա չեն հասկանում, ես հաստատ կարող եմ ասել, որ դա նախազգուշացում է։ Այս մասին խոշոր լրատվամիջոցների խմբագիրների հետ զրույցում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցությունից ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կքննարկեն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում:
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները չեն հասկանում, թե դա ինչ անհավանական ելք կարող է ունենալ։
Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման սահմանափակումները միայն սկիզբն են։ "Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն գիտակցում, թե ինչ է կատարվում", - վստահեցրել է կուսակցության առաջնորդը:
Հիշեցնենք, որ ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի առնչությամբ ստեղծված իրավիճակը պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: "Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է ։ Եվս մեկ անգամ կրկնեմ․ մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կլինեն ԵՄ-ին միանալու կամ մերձենալու դեպքում։ Ըստ էության, դրանք արդեն առաջանում են», - ասել է նա։



