


Արմինֆո Մենք պետք է վտարենք նրանց, ովքեր անում են ամեն ինչ՝ Հայաստանը թուլացնելու համար: Այս մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Դեռ հինգ տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ իշխանությունը կարող է հարձակումներ գործել եկեղեցու վրա։ «Կարո՞ղ էր արդյոք ինչ-որ մեկը մտածել, որ Արարատ լեռը կհայտնվի Արագած լեռան հետ հակադրության մեջ։ Ամենայն հավանականությամբ, ոչ մեկի մոտ նման միտք չէր առաջանա, բայց արդեն այն ժամանակ ապագա զարգացումների ախտանիշները կային։ 2021 թվականին փակվեց մշակույթի նախարարությունը, և մենք այն ժամանակ պետք է հարց տայինք մեզ՝ իսկ ինչո՞ւ նրանք դա արեցին։ Հիմա պարզվում է, որ դա արվում էր նրա համար, որպեսզի ժողովրդի ինքնությունը հարվածի տակ դրվի։ Հինգ տարի առաջ փակվեց Սփյուռքի նախարարությունը, ինչի արդյունքում այսօր ակնհայտ է դառնում, որ դա արվում էր սփյուռքը Հայաստանից անջատելու համար։ Փակվեց գյուղատնտեսության նախարարությունը, և այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում գյուղական բնակավայրերում, որոնք բոլոր ցուցանիշներով անկում են ապրում։ Գուցե այս քայլերի նպատակը 300 հազար ադրբեջանցիների համար տեղ ազատե՞լն է։ Մեր ինքնության վերացման խնդիրը դնելով՝ իշխանությունները հույս ունեն, որ ժողովուրդը կհանդուրժի դա՝ այդ մարդկանց ներգրավելով Հայաստանի Հանրապետություն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իր տպավորությամբ խոսքը նախապես պլանավորված ծրագրի մասին է, որն իրականացնում է «հայ ժողովրդի ողջ պատմության ամենագլխավոր դավաճանը»։



