


Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հարց չի կարող քննարկվել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ինքը համապատասխան հայտ չի ներկայացրել և նման ցանկություն չի հայտնել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը:
"Քանի դեռ Հայաստանը չի հայտարարել նման մտադրության մասին, մեր դուրս գալու հարցը չի կարող քննարկվել։ Իսկ մենք նման ցանկություն չենք հայտնել", - ընդգծել է Միրզոյանը։
Հարցին, թե երբ Հայաստանը կարող է համապատասխան որոշում կայացնել, ԱԳ նախարարը պատասխանել է. «Երբ այդ հարցը քննարկելու անհրաժեշտություն ծագի։ Ոչ մի ժամկետ չեմ կարող նշել, այսօր նման խնդիր մեր օրակարգում չկա"։
Մեկնաբանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցման մասին ենթադրությունը՝ Միրզոյանը հայտարարել է. "Նման բան չի կարող լինել։ Սա մի կազմակերպություն է, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով, այդ թվում ՝ Հայաստանի ձայնով։ Ինչպե՞ս է դա հնարավոր՝ ընդհանրապես"։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔվե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, որն ուղարկվել է Հայաստանի խորհրդարանի հաստատմանը։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Մոսկվայում հայտարարել են, որ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է:



