
Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև նոր հուշագիր է կնքվել:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մայիսի 13-ին տեղի է ունեցել Կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգայը ևս 3 տարի ժամկետով կնքել են համագործակցության հուշագիր:
Արմեն Ասատրյանի խոսքով՝ նախորդ հուշագրի կնքման պահից մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատակիցերի համար կազմակերպվել է 7 մասնագիտական վերապատրաստում, ինչպես նաև շուրջ 30 մասնագիտական քննարկում: Կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ այդ դասընթաց-քննարկումներն իրականացվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես՝ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի շարունակական և գործուն աջակցության պայմաններում, ինչը նշանակալի ներդրում է ունեցել համագործակցության արդյունավետության և կայունության ապահովման գործում:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգայը նշել է, որ հուշագրի երկարաձգումը թույլ է տալիս շարունակել և խորացնել կողմերի համագործակցությունը՝ առաջիկա երեք տարվա ընթացքում:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն, Ալեքսանդր Թիգայը վերահաստատել է, որ համագործակցության հուշագիրն արտացոլում է մասնագիտական հարաբերությունների կարևորությունը, և ՀԴԲ-ն շարունակելու է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը, ամփոփելով հանդիպումը, կարևորել է երկու կառույցների գործընկերային կապերի շարունակական զարգացումը՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կծառայի օրենքի գերակայության ամրապնդմանը, արդարության ապահովմանն ու հանրային վստահության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ նախորդ հուշագիրը ստորագրվել էր 2022 թվականի հունիսին ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանի Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Հուշագրի նպատակն է ապահովել նմանատիպ գործառույթներ ունեցող երկու հաստատությունների միջև ուղիղ հաղորդակցություն և տեղեկատվության փոխանակում, համագործակցել կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում, կազմակերպել փոխանակման ծրագրեր, դասընթացներ և աշխատանքային քննարկումներ: