


Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի և պատվիրակության անդամների հետ:
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն, կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին։ Կարևորվել է հատկապես Կոմիտեի դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով:
Արթուր Նահապետյանը նշել է, որ Կոմիտեն, որպես նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող միակ նախաքննական մարմին, ակտիվ և հետևողական պայքար է մղում ընտրական բնույթի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ:
Անդրադառնալով վերջին շրջանում կառույցի կողմից արձանագրված՝ ընտրական գործընթացներին առնչվող բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են կաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ: Նախընտրական շրջանը տևում է մայիսի 8-ից հունիսի 5-ը ։ Նախընտրական քարոզչությունն արգելվում է քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, և քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն:



