
Արմինֆո.Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առնչվող միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը "Արմավիր" քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին կորցրել է գիտակցությունը: Այդ մասին հաղորդել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։ "Դավիթ Մինասյանը, չհասցնելով մտնել "Արմավիր" քրեակատարողական հիմնարկ, կորցրել է գիտակցությունը, և նրան տեղափոխել են հիվանդանոց", - Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Ըստ լրատվամիջոցների՝ Մինասյանին տեղափոխել են Վաղարշապատ քաղաքի բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին: ՀՀ քննչական կոմիտեում Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։ Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը ։ Միջադեպի առնչությամբ ձերբակալվել էր նաեւ Դավիթի երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, ինչպես նաեւ հասարակական եւ քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը։ Միքայել Մինասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն օժանդակելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը)։ Գևորգ Գևորգյանի նկատմամբ գործ է հարուցվել 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը): Մարտի 31-ին Գեւորգ Գեւորգյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիիմաց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա իր մեղքը չի ընդունում։ Միքայել Մինասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Համացանցում տարածվել են նաև կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ուժեղ հարված հասցրել Դավիթ Մինասյանի դեմքին, ինչի հետևանքով պատանին վայր է ընկել, իսկ ոտքի կանգնելուց հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ: Ուշագրավն այն է, որ ՔԿ-ն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի՝ "պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը" հոդվածի հատկանիշներով, մինչդեռ, ինքը ՝ վարչապետ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ կիրակնօրյա պատարագներին ներկա է բացառապես որպես Հայ Առաքելական Եկեղեցու սովորական հետեւորդ։