
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն միջնորդում է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին առնչվող միջադեպից հետո ձերբակալված երկվորյակ եղբայրներից մեկի՝ Դավիթ Մինասյանի կալանավորման մասին: Երկրորդ եղբորը՝ Միքայել Մինասյանին, ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ, ինչպես նաև՝ գործով երրորդ ձերբակալվածին՝ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանին:
«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, իմ նկատմամբ կոռեկտ են վերաբերվել։ Խնդրում եմ այլևս հարցեր չտալ», - լրագրողներին հայտարարել է Միքայել Մինասյանը։
Ինչպես պարզաբանել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը, չնայած Միքայելի ազատ արձակմանը, նա մեղադրյալի կարգավիճակում է: Միքայել Մինասյանի նկատմամբ քննչական գործողություններն ավարտվել են։ Ընդ որում, Դավիթ Մինասյանը դեռ պետք է ցուցմունք տա։
Գեւորգ Գեւորգյանը երեք օրվա ընթացքում պետք է վճարի 5 մլն դրամ գրավ։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը։ Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես պատարագի ընթացքում, երբ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ շարժվում է դեպի ելք, ներկաներից մեկն ասել է. «Մի համարձակվիր ինձ այդպես նայել», ձեռքով կտրուկ շարժում է կատարել վարչապետի ուղղությամբ, սակայն նրա ձեռքը հետ են մղել թիկնապահները։ Ավելի ուշ ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Դավիթ Մինասյանի դեմ ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Միքայել Մինասյանի դեմ ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն օժանդակելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը): Գևորգ Գևորգյանի դեմ գործ է հարուցվել 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը):
Ավելի վաղ Մինասյան եղբայրների պաշտպանական կողմը, անդրադառնալով այն հանգամանքին, որ միջադեպի մի շարք վկաներ խոսում են այն մասին, որ վարչապետի թիկնապահներից մեկը բավական կտրուկ է արձագանքել Դավիթ Մինասյանի խոսքերին և այնքան ուժեղ է բռունցքով հարվածել նրան, որ վերջինս կորցրել է հավասարակշռությունը, նշել է, որ այդ մասին վկայում է լրատվամիջոցներում տարածված տեսանյութը: "Կան համապատասխան կադրեր, թե ինչպես է նա հարվածել Դավիթ Մինասյանի դեմքին, և նա վայր է ընկել։ Այս փուլում, բնականաբար, այդ փաստն անտեսվում է", - ասել է փաստաբանը։
Ուշագրավն այն է, որ ՔԿ-ն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի "պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը" հոդվածի հատկանիշներով, մինչդեռ, ինքը ՝ վարչապետ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ կիրակնօրյա պատարագներին ներկա է բացառապես որպես Հայ Առաքելական Եկեղեցու շարքային հետեւորդ։