


Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչում են մեղադրվում Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցները:
«2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)», - հաղորդել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ մարտի 29 - ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Երբ վերջինս թիկնազորի ուղեկցությամբ շարժվել է դեպի ելք, ներկաներից մեկը ձեռքով կտրուկ շարժում է կատարել վարչապետի ուղղությամբ, սակայն նրա ձեռքը թիկնապահները հետ են մղել։ Դրանից հետո եկեղեցում իրարանցում է առաջացել։ Ավելի ուշ ձերբակալվել են 18 - ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով ՝ Մինասյան եղբայրները դպրոցականներ են, իսկ երրորդ ձերբակալվածը նրանց հետ կապ չունի: Բացի այդ, նրա խոսքով, եղբայրները չեն կարող կալանքի տակ գտնվել առողջական խնդիրների պատճառով։ Մարտի 30-ին Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Մինասյան եղբայրների տանը։



