
Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի մշակույթի պալատի պատերից մեկի տակ թաքնված հովնոցում վեց տղամարդ նարդի են խաղում: Զառերի չխկչխկոցը ընդհատվում է զրույցով աշխարհաքաղաքականության, Վլադիմիր Պուտինի, Ռեջեպ Էրդողանի մասին, որոնք հանգում են «Ինչով այս ամենը կավարտվի» հարցին:
Տեսնելով ֆոտոխցիկով մարդկանց, խաղացողները միահամուռ լռում են և բավականին զգուշորեն մեզ ողջունում: Ձայնագրիչի տակ մի փոքր մեզ հետ խոսելու խնդրանքից հետո բոլորի հայացքները շրջվում են դեպի խաղացողների կենտրոնում նստած տարեց տղամարդուն: «Սա մեր «գլխավորն» է, նա մշակույթի պալատի տնօրենն է, թող ինքն էլ խոսի: Մեր գործը ավելի շատ լռելն է», - խորամանկ ժպտում է «իշուկի» ծայրին նստած տղամարդը:
«Ի՞նչ ձեզ պատմեմ: Շարունակում ենք ապրել մեր տներում այնպես, ինչպես ապրում էինք մինչ 1991-ը: Այնպես, ինչպես մինչև վերջին գնդակոծությունները, երբ «այնտեղից» մեզ սկսեցին գնդակոծել արկերով: Մի քիչ ծերացել ենք, բայց ոչինչ, ամուսնանալ չենք պատրաստվում», - բարյացակամ ժպտում է«գլխավորը», ով ներկայանում է որպես 1949 թվականին ծնված Վարդան Քառյան:
Ըստ նրա, վերջին գնդակոծությունները խիստ տարբերվում էին գնդակոծություններից, որոնց ոչ պատերազմի և ոչ խաղաղության տարիների ընթացքում բերդավանցիները ընտելացել էին: Քառյանի խոսքերով, այդպիսի գնդակոծությունների Բերդավանը վերջին անգամ ենթարկվել էր 1992-ին: Կրակում էին խոշոր տրամաչափի կայանքներից: Հետո հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ դրանք թուքական արտադրության էին: «Չգիտեմ, ինչ արտադրության էին, բայց երբ գյուղի վրա ընկավ առաջին արկը, սկսվեց խառնաշփոթ, և բնակիչների մեծամասնությունը թաքնվեց նկուղներում: Գյուղը գնդակոծվում էր արկերով երկու օր, ինչից հետո ամեն ինչ վերջացավ», - պատմում է տարեց մարդը:
«Ինչո՞ւ էին այդ օրերին այդպես ինտենսիվ կրակում ոչ ոք չգիտի, սակայն հեռուստացույցով ասում են, որ ադրբեջանցիները կրակում են ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով», - խոսքի մեջ է մտնում «իշուկի վրայի մարդը», հավանաբար մոռանալով լռելու իր ցանկության մասին:
«Անհեթեթ մի խոսեք: Նրանք ընդհամենը փորձարկում էին մեր վրա թուրքերից ստացած նոր զենքը: Չգիտեմ ինչքանով է այն դիպուկ, ես մասնագետ չեմ, բայց այն բավականին աղմուկ էր բարձրացրել», - կիսվում է իր կարծիքով ներկայանալ չցանկացող մաշված ջինսից բաճկոնով մարդը:
«Վաղվա օրը այսօրվանից լավը կլինի, դուք միայն մեզ մի խանգարեք: Մի արեք այնպես, որ մեր վրա փորձարկեն թուրքական և ռուսական նոր զինատեսակները: Իսկ եթե ինչ որ մեկը ուզում է բացել մեզ մոտ նոր ռազմաճակատ, թող նախ ամրացնի սահմանները, դիրքերը, որոնցում կանգնած են մեր զինծառայողները: Իսկ մենք նրանց հետևում կանգնած ենք: Եթե մեր ճակատին է գրված, որ մենք պիտի պահենք սահմանը, մենք այն կպահենք: Մենք ամեն ինչ անում էինք երկրի համար 90-ականներին, երբ անձրևի տակ հնձում էինք հացահատիկը, որպեսզի բանակը հացով ապահովենք, կանենք և հիմա: Այդպես էլ փոխանցեք «ձերոնց» Երևանում», - սկսում է նյարդայնանալ «ջինսից բաճկոնով մարդը»:
«Հասկացեք, մեզ էլ է հետաքրքիր ինչու են նրանք կրակում: Հաճախ ենք այստեղ հավաքվում, խոսում, փորձում հասկանալ: Գյուղում նույնիսկ չգիտեն, թե ով է առաջինը կրակում: Դա չգիտեն նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները, որոնք տեսչական այցերով գալիս են սահման: Իմ կարծիքով եթե չլինեն պռովոկատորներ, չեն կրակելու ոչ նրանք, ոչ էլ մենք: Ովքեր են այդ պռովոկատորները ինձ անձամբ հայտնի չէ», - խոսակցության թելը նորից իր ձեռքն է վերցնում Վարդան Քառյանը:
Ըստ նրա, սահմանամերձ գոտի ժամանակ առ ժամանակ այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նրանք փորձում են հասկանալ մեր տրամադրությունները, ցանկանում ենք մենք արդյոք փախչել, թե մտադրված ենք պաշտպանել մեր տները մինչև վերջ: Վերջին անգամ մեզ այցելեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մեր պատասխանն անփոփոխ է. կանգնած ենք, կանգնել ենք և կանգնելու ենք»,- ասում է «գլխավորը»:
«Վստահ եմ, որ ոչ մի սահմանամերձ գյուղի բնակիչ, կլինի դա հայ թե ադրբեջանցի, պատերազմի չի ձգտում, և շատ լավ կլիներ, եթե դուք լրագրողներդ մեր կարծիքը հասցնեիք երկու երկրների ղեկավարությանը, որպեսզի պռովոկացիաները նոր պատերազմի նպատակով կասեցվեին: Ժողովուրդը մեծամասնություն է, որը պատերազմ չի ուզում, ինչպես չի ձգտում պաշտոնների և աթոռների: Մեզ պարզապես պետք է հանգիստ թողնել, տալ զարգանալու և աշխատելու հնարավորություն: Եվ շատ լավ կլիներ, եթե լրագրողները տարածեին մեր նմանների կարծիքը ինչպես սահմանի այս , այնպես էլ այն կողմում»,- խոսակցության մեջ է մտնում զինվորական բաճկոնով տղամարդը:
Տղամարդը մերժում է ներկայանալու առաջարկը, ինչից հետո նրա համագյուղացին հաշտեցնող տոնով ասում է. «Նա նախկին զինվորական է, նրանց չի կարելի»: Նախկին զինվորականը վստահեցնում է, որ անձնական թշնամի ադրբեջանցի չունի, սակայն հայերի թշնամիներ են արհեստական դարձրել մի ողջ ադրբեջանական ժողովուրդ, և այդ թշնամանքը շուտվանից պետք էր վերացնել:
«Ամերիկացիները 45-ին Հիրոսիմայի և Նագասակիի վրա միջուկային ռումբեր նետեցին, սակայն այսօր ճապոնացիները և ամերիկացիները շատ լավ համագործակցում են: Չգիտեմ, ինչ է պետք դրա համար, որպեսզի միասին խաղաղ ապրելու անհրաժեշտությունը գիտակցի նաև մեր երկրների ղեկավարությունը: Մենք տարածքներ ենք պահանջում Թուրքիայից, Ադրբեջանը մեզանից: Սակայն այդ պահանջները երկու դեպքում էլ անիրական են: Մ՞իթե դեռ ինչ որ մեկը դրանում կասկածում է: Եվ հետևաբար այդ պահանջներից պետք է հրաժարվել և վերջապես ապրել խաղաղությամբ», - վստահ է զինվորական բաճկոնով տղամարդը:
Նախկին զինվորականը կարծում է, որ բերդավանցիները վաղուց սահմանամերձ բնակավայրի բնակիչներ չեն, այլ սահմանապահներ, ովքեր լավ գիտակցում են, որ իրենց տները լքելու իրավունք չունեն: Սակայն նրանց պետք է օգնել. ստեղծել աշխատատեղեր, տալ աշխատելու և ապրելու հնարավորություն: Ավելին նրանց պետք չի: Իհարկե, ինչ որ բան արվում է: Օրինակ, դիրքերի ամրապնդմանը մասնակցող գյուղացիների օրավարձը 7000 դրամ է ($ - 485 դրամ), ինչը նրանց համար բավականին լավ գումար է:
«Մենք օգտվում ենք քվոտավորված արտոնություններից, կոմունալ ծառայությունների վճարման ժամանակ, սակայն, օրինակ, չենք հասկանում, ինչու պետք է գնենք մեր սեփական ջուրը», - հարցնում է նա:
«Է՜հ, էլ ինչ խոսենք: Գնդակների տակ հավաքեցինք և հանձնեցինք գործարան 500 տոննա խաղող: Էլ ո՞նց կանգնենք: Շնորհակալ ենք և գործարանի տեր Գագիկ Ծառուկյանին, ով այս տարի գնել է մեզանից խաղողը աննախադեպ 150 դրամ կիլոգրամի դիմաց գնով: Իհարկե, դա նրան խորհուրդ են տվել անել, այնուամենայնիվ դա շատ լավ գործ էր, իսկ լավ գործը արհամարհել մենք սովոր չենք: Այդքան էլ հաճախ չեն մեր մասին հոգ տանում», - փակում է զրույցը մինչ այդ լռող տարեց տղամարդը: