
Արմինֆո. 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2026 թվականի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը: Որոշումը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության հունվարի 29-ի նիստում։
«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:
Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չի պահանջում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում», - ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ: Նախագիծը պատրաստվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման համար նախատեսված է 1 մլրդ դրամ (2,6 մլն դոլար): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել է, որ Երևանը գագաթնաժողովին մասնակցելու բանավոր հրավերներ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Միևնույն ժամանակ, ադրբեջանական ռեսուրսներից մեկը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին:
Եվրոպական քաղաքական համայնքը (European Political Community), միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների համար՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի՝ 2022 թվականի մայիսի առաջարկությամբ։ Մակրոնի նախագծի նպատակն է հարթակ տրամադրել եվրոպական բոլոր երկրների քաղաքականությունը համակարգելու համար և խթանել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը ՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման, եվրոպական մայրցամաքի անվտանգության, կայունության և բարգավաճման ամրապնդման համար, մասնավորապես ՝ կապված էներգետիկ ճգնաժամի հետ: Եվրոպական քաղաքական համայնքին անդամակցում են նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Ադրբեջանը, Իսլանդիան, Ուկրաինան և Մոլդովան, Թուրքիան, Վրաստանը և Հայաստանը:
Հայաստանի վարչապետը 2022 թվականից պարբերաբար մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովներին։ Հենց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նման գագաթնաժողովի շրջանակներում է ստորագրվել հռչակագիր, որտեղ Երևանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։