


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան», - գրել է մամուլի քարտուղարը:
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ բանակի զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Պետրոսյանի դին ՝ հրազենային վնասվածքով: Այլ մանրամասներ պաշտպանական գերատեսչությունը չի ներկայացրել։



