
Արմինֆո. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծին ՝ կից օրենսդրական փաթեթով
Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին՝ սահմանելով գործուն կարգավորումներ՝ ուղղված անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորմանը, նրանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, նախարարը ներկայացրել է օրենքի նախագծում օգտագործվող հիմնական հասկացությունները: Մասնավորապես նշվել է, որ անհայտ կորած անձ է համարվում զինծառայողը, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում՝ խաղաղ պայմաններում, եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում կամ եթե նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին: Սահմանվում են անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավական վիճակը, անհայտ կորած անձանց իրավունքները, ընտանիքի անդամների՝ անհայտ կորած անձի ճակատագիրն ու գտնվելու վայրն իմանալու եւ այլ իրավունքները, շահառուների՝ վնասի հատուցում եւ աջակցություն ստանալու իրավունքը, անհայտ կորած անձանց հետախուզումը եւ այլն:
Հավելենք, որ օրինագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել անհայտ կորածների միասնական էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ կներկայացվի ողջ տեղեկատվությունը: Հայտատու կհամարվի այն անձը, որը ներկայացրել է անձի որոնման մասին դիմում, որի ճակատագիրն ու գտնվելու վայրն անհայտ է: Որպես սոցիալական աջակցության շահառու հանդես կգա պետության կողմից փոխհատուցման և օգնության իրավունք ունեցող անձը: Անհայտ կորածների հետախուզման լիազոր մարմին կհամարվի Ազգային անվտանգության ծառայությունը։