
Արմինֆո. ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանը, որպես ՄԱԿ Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ապագա նախագահ, կազմակերպել է «Կլիմայի և կենսաբազմազանության բնագավառի գործողությունների խթանում. Բելենի COP30- արդյունքների օգտագորրծումը Երեւանում COP17-ի համար» միջոցառումը։
Միջոցառումը կազմակերպվել էր Բրազիլիայի, Կոլումբիայի, Պանամայի և Գերմանիայի հետ համատեղ, ինչպես նաև Բանգլադեշի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի հասարակական կազմակերպությունների և ակադեմիական հաստատությունների հետ համագործակցությամբ:
Միջոցառման ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի և Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի միջև կապերի ամրապնդմանն առնչվող հարցերը՝ նպատակ ունենալով նպաստել Ռիոյի երեք բնապահպանական կոնվենցիաների միջև համաձայնեցվածությանը, համագործակցությանը և սիներգիային:
Մասնակիցները քննարկել են կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցվածությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով առկա մարտահրավերների հաղթահարման համար համակարգված գլոբալ գործողությունների անհրաժեշտությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել գլոբալ պարտավորությունների տեղայնացմանը՝ ազգային և տեղական մակարդակներում կոնկրետ և չափելի գործողությունների միջոցով: Մասնակիցներն կարեւորել են միջոլորտային համագործակցությունըև ներառականությունը, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիաների օգտագործումը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման համար:
Հիշեցնենք, որ 2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովը (COP17) Երևանում: Այդ որոշումն ընդունվել է 2024 թվականի հոկտեմբերին Կոլումբիայում կողմերի 16-րդ խորհրդաժողովի ժամանակ ։ Հայկական կողմը վերահաստատել է միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու հանձնառությունը՝ ապահովելով արդյունավետ երկխոսություն և բովանդակալից լուծումներ գլոբալ բնապահպանական մարտահրավերների վերաբերյալ: