


Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ. կառավարման պլանը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման մեջ ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2025-2030 համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։ Վերջինիս նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են՝ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը, բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական), կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը, խթանել կայուն ջրօգտագործումը: Որոշման ընդունումը հնարավորություն կտա Հարավային ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, միջոցառումների ծրագրի իրականցման արդյունքում բարելավել ջրային մարմինների կարգավիճակը:



