


Հայաստանի ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի կազմակերպիչներին կոչ է անում չլարել իրադրությունը և ձեռնպահ մնալ սադրանքներից:
«ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով:Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը: ՀՀ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել երթի կազմակերպիչներին հետևել իրազեկմամբ նախանշված երթուղուն:ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով ՀՀ ոստիկանության նախապես տարածված հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության և օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն և ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ:ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները», - ասվում է ոստիկանության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակտիվիստների և ոստիկանների միջև բախում է եղել ՀՀԿ գլխամասային գրասենյակի մոտ` Մելիք Ադամյան փողոցում: Ակտիվիստները փորձել են ծաղիկ դնել ՀՀԿ գրասենյակի շենքի մոտ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել մոտենալ շենքին, ինչի արդյունքում բախում է եղել:



