
Արմինֆո. Անիմացիոն կինոյի և գրաֆիկական արվեստի REAnimania միջազգային փառատոնը Հայաստանի վիզուալ արվեստի սիրահարներին իսկական անակնկալ է մատուցել. Կինոյի տանը բացվել է Լորենցո Մատոտիի աշխատանքների ցուցահանդեսը:
Մատոտին աշխարհահռչակ իտալացի նկարիչ է, նկարազարդող, գրաֆիկական վեպերի հեղինակ, անիմացիոն կինոյի ռեժիսոր, 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի վիզուալ արվեստի ամենանշանակալի վարպետներից մեկը:
Ցուցադրությունը ներառում է վարպետի շուրջ 100 աշխատանք, որոնց թվում են գովազդային պաստառներ, Կաննի կինոփառատոնի, Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական պաստառներ, Փարիզի քաղաքապետարանի շնորհավորական բացիկներ, Էդգար Ալան Պոյի "Ագռավը" պոեմի, "Ջրում" գրաֆիկական պոեմի, Կառլո Կոլոդիի "Պինոքիո" հեքիաթի նկարազարդումներ, "Ուրվականներ" գրաֆիկական աշխատանքների շարք և այլն:
Հատկանշական է, որ 17-րդ REAnimania-ի պաստառի հեղինակը նույնպես Լորենցո Մատոտին է: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա հանդիպում իտալացի նկարչի հետ (հոկտեմբերի 24-ին ՝ ժամը 15:00-ին, ՀԲԸՄ-ում), ինչպես նաև նրա հայերեն թարգմանված "Լույսեր և շշուկներ" գրքի շնորհանդեսը (հոկտեմբերի 25-ին ՝ ժամը 19:00-ին, Կինոյի տուն):
Իսկ Մատոտիի վիզուալ արվեստի ցուցադրությունը բաց է Կինոյի տան ցուցասրահում և ցանկացողների համար հասանելի կլինի մինչև հոկտեմբերի 25-ը: Համադրողը Մարի Գրիգորյանն է:
Հարկ է նշել, որ ճարտարապետությունն ուսումնասիրելուց հետո Մատոտին որոշել է ամբողջովին նվիրվել կոմիքսներին ՝ դառնալով ժամանակակից գրաֆիկական արձակի ամենաազդեցիկ և ճանաչված վարպետներից մեկը: Նրա աշխատանքները հրատարակվել են աշխարհի առաջատար պարբերականներում, իսկ գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուների։
Նրա ստեղծագործությունն առանձնանում է, առաջին հերթին, նորարարության մշտական ձգտումով: Նրա ստեղծագործություններում գույնն ու ձևը վերածվում են հույզերի և ռիթմի ՝ ձևավորելով արտահայտիչ տեսողական լեզու: Մատտոտին խորասուզվում է գրական և հոգեբանական թեմաների մեջ ։ Բացի կոմիքսներից՝ Մատոտին ակտիվորեն աշխատել է նորաձևության, դիզայնի և կինոյի բնագավառներում։
Մատոտիի աշխատանքները ցուցադրվել են խոշոր անհատական ցուցահանդեսներում, ներառյալ Հռոմի Palazzo delle Esposizioni-ն և Ֆրանս Հալսի թանգարանը Հարլեմում (Նիդերլանդներ), ինչը հաստատել է նրա նշանակալի ներդրումը ինչպես կերպարվեստի աշխարհում, այնպես էլ կոմիքսների արվեստում:
Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://www.reanimania.com/