
Արմինֆո.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինագծերի փաթեթ, որը նախատեսում է մի շարք օրենքներից պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմի բացառում: Այսինքն՝ 65 տարին լրացած անձանց հնարավորություն կտրվի շարունակել աշխատել այդ օրենքներով նախատեսված պաշտոններում։
Ինչպես ասվում է իրավական ակտերի միասնական պորտալում հրապարակված օրինագծում, 2023 թվականի հուլիսի 31-ից Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի և 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի վերացման կապակցությամբ․
- Գործատուն իրավունք չունի աշխատանքային պայմանագիրը լուծելու ծերության կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին լրանալուց, ինչպես նաև ծերության կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալուց հետո:
- Գործատուն իրավունք չունի աշխատողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել բացառապես այն հիմքով, որ վերջինս ծերության կենսաթոշակի իրավունք ունեցող անձ է եւ լրացել է վաթսուներեք տարին, կամ ծերության կենսաթոշակի իրավունք չունեցող անձ է, եւ լրացել է վաթսունհինգ տարին:
Սակայն, մյուս կողմից, Օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ աշխատանքային հարաբերությունների առանձին ոլորտների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ մի շարք օրենքներում դեռևս պահպանվում են տարիքային շեմի հատկանիշով աշխատանքային պայմանագրերը լուծելու կամ չկնքելու դրույթներ:
Այս առնչությամբ ներկայացված օրինագծերի փաթեթն առաջարկում է փոփոխություններ կատարել "Պետական ծառայության մասին", "Հանրային ծառայության մասին", "Հանրային աշխատանքների մասին", "Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին", "Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին", "Անձնական տվյալների պաշտպանության մասին", "Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին" օրենքներում, որոնք նախատեսում են նշված օրենքներից բացառել պաշտոնավարման սահմանային տարիքը: Առաջարկվող փոփոխություններով տարիքային սահմանափակման վերացման արդյունքում աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով ՝ առանց աշխատանքային հարաբերությունների դադարեցման բացառիկ տարիք սահմանելու: