


Արմինֆո. 87 տարեկան հասակում Ֆրանսիայի Նեմուր քաղաքում մահացել է 20-րդ դարի համաշխարհային մեծագույն դերասանուհիներից մեկը՝ Կլաուդիա Կարդինալեն: Այդ մասին AFP (Agence France-Presse) պարբերականին հաղորդել է դերասանուհու գործակալ Լորան Սավրին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ Կարդինալեն մահացել է իր ընտանիքի շրջապատում։
Դերասանուհին ծնվել և մեծացել է Թունիսում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Կինոյում իր դեբյուտը կատարել է 1958 թվականին՝ Մարիո Մոնիչելիի "Սովորական անծանոթներ" ֆիլմում՝ էպիզոդիկ դերով։
Իր ողջ կարիերայի ընթացքում Կարդինալեն նկարահանվել է շուրջ 150 ֆիլմերում, որոնց թվում են Ֆեդերիկո Ֆելինիի «8 ու կես»-ը, Լուկինո Վիսկոնտիի «ընձառյուծը», Բլեյք Էդվարդսի «Վարդագույն հովազը» և Սերջո Լեոնեի «Մի անգամ վայրի Արևմուտքում»: Սակայն հայ հանդիսատեսի սրտերում Կարդինալեն հավերժ կմնա մոր կերպարով՝ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում (1991թ.): Նշենք նաև, որ 2010 թվականին Կլաուդիա Կարդինալեն որպես պատվավոր հյուր հրավիրվել էր Հայաստան՝ մասնակցելու "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնին, և արժանացել էր "Փարաջանովի Թալերին"՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար:
Նա 20-րդ դարի եվրոպական և համաշխարհային կինոյի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է, ով իր ակնառու կարիերայի և արվեստի մեջ ունեցած ավանդի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվավոր կոչումների:
Կարդինալեի մահվան կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Կլաուդիա Կարդինալեն մաարմնավորում էր ազատություն, հայացք, տաղանդ, որոնք այնքան շատ բան են ավելացրել նշանավոր նկարիչների ստեղծագործություններին՝ Հռոմից մինչև Հոլիվուդ եւ Փարիզ, որը նա ընտրեց որպես իր հայրենիք: Մենք ՝ Ֆրանսիացիներս, մեր սրտերում միշտ կրելու ենք այս իտալական և համաշխարհային աստղը՝ կինոյի հավերժության մեջ»:



