
Արմինֆո. COP17 համաժողովը 2026 թվականին տեղի կունենա Երևանի «Մերիդիան» Էքսպոկենտրոնում։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը "Մերիդիան Հոլդինգ" ՓԲԸ-ի հետ կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր: Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին՝ կառավարության նիստում։
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը նախատեսված է Հայաստանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը: Համաժողովի կազմակերպման և անցկացման համար կազմավորվել է կազմակերպչական հանձնաժողով:
Կոնվենցիայի գլխավոր քարտուղար Աստրիդ Շումեյկերի գլխավորած պատվիրակությունը 2025 թվականի մարտի 3-6-ը այցելել է Երևան, որի ընթացքում, ի թիվս COP17-ի նախապատրաստման հետ կապված այլ հարցերի, քննարկվել է նաև համաժողովի անցկացման վայրի ընտրության հարցը: Շումեյկերից ստացված նամակի համաձայն՝ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնը լավագույնս համապատասխանում է COP17-ի անցկացման գնահատման չափանիշներին:
Միջոցառման բարձր մակարդակով անցկացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կիրականացվի, և 5775,0 մլն դրամ կուղղվի համաժողովի կազմակերպմանը: Գումարը կուղղվի «Մերիդիանի» տարածքների վերակառուցմանը, շինարարությանն ու բարեկարգմանը:
2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է կողմերի 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր: ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որն ուղղված է շրջակա միջավայրի կայունության ապահովման, կենսաբանական բազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի կարգավորմանը: Կոնվենցիայի կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներից են, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ, և որոնց ընթացքում մասնակից երկրները մշակում են կոնվենցիայի դրույթների իրականացման մեխանիզմներ և ստանձնում նոր պարտավորություններ՝ բնական ռեսուրսների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Համաժողովների աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում ՝ հասարակական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, գիտական հանրության, կանանց և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: