


Արմինֆո. Սեպտեմբերի 5-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետին առընթեր գործող Պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարության գլխավոր քարտուղար Նիկոլա Ռոշի հետ:
Հայաստանի ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անվտագային համագործակցությանը և քննարկվել է կիբեռանվտանգության ու տեղեկատվական միջավայրի աղտոտվածության հարցերի շրջանակներում համագործակցությունը:
Արմեն Գրիգորյանը ներկայացել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ստեղծվելու են տնտեսական լայն հնարավորություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ինստիտուցիոնալացնելու երկու երկրների գրասենյակների միջև առկա կապերը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:



