
Արմինֆո.Հայաստանում սկսել են ավելի շատ կարդալ հայերեն հրատարակվող գրքեր։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Գրքի երևանյան փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը:
Նշելով, որ գրական ոլորտում երկար տարիների փորձ ունի, ԳԵՓ-ի ղեկավարը պատմել է, որ դեռ 10 տարի առաջ վաճառքի գծով անվերապահ առաջատարը ռուսալեզու գրականությունն էր: "Խոսքն անգամ հայ դասական գրականության մասին չէր", - ասել է Ղազարյանը ։ Իսկ այսօր ռուսերեն և հայերեն հրատարակվող գրքերի վաճառքի ցուցանիշները հավասարվել են ։ "Դա շատ կարևոր է", - նկատել է փորձագետը:
Ընդ որում, Ղազարյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 10 տարի առաջ ժամանակակից հայ գրականությունն ընթերցողների շրջանում հետաքրքրություն չէր վայելում։ Սովորաբար ժամանակակից գրողների գրքերը հյուրերին նվիրում էին իրենց շնորհանդեսների ժամանակ։ "Իսկ այսօր հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն արդեն հարյուրներով են վաճառվում", - նշել է փառատոնի տնօրենը:
Զրույցի ընթացքում նա նաև կարևորել է մեր երկրում հարցումների անցկացումը, որոնք որոշում են ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը: Ըստ Ղազարյանի՝ վերջին նման հարցումն անցկացվել է «Բրեւիսի»-ի կողմից՝ 2020 թվականին, որի համաձայն, հայտնի դարձավ, որ մեր երկրում ընթերցողների բաժինը կազմում է ընդամենը 30%, որի ճնշող մեծամասնությունը կանայք են։
Խոսելով առաջիկա գրքի փառատոնի մասին, որը կանցկացվի արդեն 8-րդ անգամ, նա տեղեկացրել է, որ կարելի է նշել հետևյալ միտումը. ավանդական գրական մրցույթների արդյունքում հաղթում են նոր գրողներ, ի հայտ են գալիս նոր անուններ: Ավելի վաղ մրցույթին մասնակցում էին միայն լայն հանրությանը հայտնի հեղինակները։
Անդրադառնալով ԳԵՓ-ի ծրագրին՝ Ղազարյանը տեղեկացրել է, որ բացի ավանդական միջոցառումներից, իրականացվելու է բավականին հետաքրքիր և կարևոր նախաձեռնություն: Մասնավորապես, փառատոնի օրերից մեկում տեղի կունենա փիչինգ, որի ընթացքում սկսնակ հայ գրողները հնարավորություն կունենան դիմել փորձառու մասնագետներին՝ գրական գործակալներին, դրամատուրգներին, սցենարիստներին և այլն, և նրանց ներկայացնել իրենց աշխատանքները ՝ համագործակցություն հաստատելու նպատակով:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան նաև B2B ձևաչափով հանդիպումներ հայաստանյան և արտասահմանյան հրատարակչությունների համար: Բանակցությունների արդյունքում վերջիններս պարտավորվում են իրենց հավանած հայ հեղինակների (որոնց կներկայացնեն հայրենական պարբերականները) ստեղծագործությունները հրատարակել իրենց երկրի լեզվով: "Դա սկիզբ կդնի մշակութային կապերի հաստատմանը", - ասել է տնօրենը: Այդ առնչությամբ Ղազարյանը տեղեկացրել է, որ փառատոնին հրավիրված են հրատարակչությունների ներկայացուցիչներ Իտալիայից, Հունաստանից, Լատվիայից, Վրաստանից և այլն:
Նշենք, որ Գրքի երևանյան փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը և կմիավորի 200-ից ավելի գրողների, 50 հրատարակչությունների և բազմաթիվ ընթերցողների ու գրաքննադատների: Փառատոնի հարթակներ կլինեն Հանրապետության հրապարակը, Ազգային պատկերասրահը և Պատմության թանգարանը:
Ավանդույթի համաձայն, Գրքի փառատոնի ծրագրում ներկայացված են շնորհանդեսներ, վարպետության դասեր, պանելային քննարկումներ, գրական մրցույթներ, մրցանակաբաշխություններ՝ "Արձակ", "Պոեզիա", "Դրամատուրգիա", "Մանկապատանեկան գրականություն" անվանակարգերում: Բացի այդ, այս տարի «Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հայտարարվել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի անվան կարճ պատմվածքների մրցույթ:
Եռօրյա փառատոնի բաղադրիչներն են պարտադիր զեղչերով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, գրական մրցույթը և մրցանակաբաշխությունը, շնորհանդեսները, պանելային քննարկումները, վարպետության դասերը, բացառիկ հանդիպումները հայ և օտարազգի գրողների հետ, համերգները և այլն: Ընդհանուր առմամբ կանցկացվի ավելի քան 50 միջոցառում: Փառատոնի ծրագրին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ https://www.evnbookfest.com/ru կայքում:
Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Անցյալ տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ, այդ թվում՝ հարեւան երկրներից։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ