
Արմինֆո.Հարցի բարձրացումը միջազգային հարթակներում ոչ միայն ապացույց է շարունակվող պայքարի, այլեւ՝ վկաայություն այն բանի, որ Արցախը շարունակում է գոյություն ունենալ որպես գաղափար, որպես իրավունք, և ի դեմս նրա բնակիչների: Այդ մասին հայտարարել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը՝ Երեւանում ընթացող "Արցախ. չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք" միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել է ՀՅԴ գերագույն մարմինը։
Նա նշել է, որ սեպտեմբերի 2-ը ԼՂՀ Անկախության օրն է, այն ոչ միայն ամսաթիվ է, այլ հայ ժողովրդի ազատության, անկախության պահպանման և պետականության կերտման ձգտման խորհրդանիշ: "Երկրորդ տարին անընդմեջ այս օրը նշում ենք հայրենիքից հեռու։ Բայց, չնայած դրան, Արցախի հարցը չի վերացել, որքան էլ դա ձգտեն ապացուցել բռնապետական հարևան պետությունների ղեկավարները։ Չէ որ Արցախի Հանրապետության ՝ որպես պետության կայացումը համայն հայության ջանքերի արդյունքն էր՝ արյունով, ամենօրյա աշխատանքով ։ Արցախն ապրում է, Արցախը պետք է ապրի, որովհետև Արցախը վերադարձվելու է", - հայտարարեց Դանիելյանը։
Խորհրդարանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը շարունակում է մնալ անխախտ արժեք միջազգային հանրային իրավունքի տեսանկյունից: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ բազմաթիվ միջազգային գիտաժողովներում և ակադեմիական շրջանակներում հարցը շարունակում է բարձրացվել մարդու իրավունքների պաշտպանության և տարածաշրջանում խաղաղության ապահովման հիմքերի տեսանկյունից: "Եվ այս հարթակներում մեր ձայնը պետք է լինի հստակ, իսկ մեր գործողությունները պետք է լինեն փաստարկված և հետևողական։ Մենք պետք է հայտարարենք ոչ միայն մեր ցավի մասին, այլև կարողանանք ներկայացնել մեր իրավունքները ", - ընդգծել է Դանիելյանը։
Այդ առնչությամբ քաղաքական գործիչը նշել է, որ իրենք շարունակելու են իրենց համագործակցությունը միջազգային իրավական կազմակերպությունների, Արցախի հարցը բարձրացնող քաղաքական ուժերի և փորձագետների հետ ՝ ձևավորելու հասարակական կարծիք և հարթակ արցախցիների արդար իրավունքների վերականգնման համար: "Միջազգային հարթակներում մեր ներկայացվածությունը ոչ միայն մեր պայքարի ապացույցն է, այլև ապացույցն է, որ Արցախը գոյություն ունի որպես գաղափար, որպես իրավունք, և ի դեմս նրա բնակիչների: Այս համատեքստում հատկապես կարևորվում է այն աշխատանքը, որն իրականացնում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը, սփյուռքյան այլ կազմակերպություններ և անհատներ ու գործիչներ: Նրանք տարիներ շարունակ մեր ձայնն են եղել միջազգային դատարաններում, տեղեկատվական հարթակներում, հասարակական ու քաղաքական շրջանակներում ։ Նրանց ջանքերի շնորհիվ Արցախի հարցը չի վերացել, այլ շարունակում է հնչել որպես արդարության պահանջ", - նշել է Արցախի խորհրդարանի նախագահը։
Նա նաև հիշեցրել է, որ ևս մեկ կարևոր պահանջ, որը պետք է հնչեցվի այդ հարթակներում, ադրբեջանական բանտերից բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձն է: Իր ելույթի ավարտին Դանիելյանը շնորհակալություն է հայտնել նաև համաժողովին ներկա արտասահմանցի ներկայացուցիչներին, նշելով, որ նրանց մասնակցությունն ապացույցն է այն բանի, որ սա ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության պայքարն է:
"Հուսով եմ, որ արցախցիների վերադարձի ապահովման հարցի վերաբերյալ այսօր հնչած առաջարկներին կհետեւեն կոնկրետ գործողություններ", - եզրափակել է Դանիելյանը: