Կոռուպցիայի դեմ պայքարը և մրցակցության հավասար պայմանների ապահովումն առավելապես պայմանավորված են համակարգային բարեփոխումներով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` նոյեմբերի 17-ին Հայ-ամերիկյան առևտրաներդրումային խորհրդի առաջին նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանում համատարած կոռուպցիայի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարություններն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Նախարարի ասելով, ընդհանուր առմամբ, կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է այն պատճառների և հնարավորությունների վերացում, որոնք նպաստում են կամ, որոնց թողտվությամբ տեղի է ունենում այդ երևույթը: Այդ գործոնների հիմքում, ինչպես նշել է Ճշմարիտյանը, ընկած է օրենսդրական հիմքի կատարելագործման անհրաժեշտությունը: «Անմիջականորեն կոռուպցիա ծնող պատճառների և պայմանների վերացման արդյունքում մենք կստեղծենք համապատասխան պայմաններ ինչպես բիզնես-միջավայրի զարգացման, այնպես էլ պետական պաշտոնյաների կամքից մասնավոր հատվածի գործունեության արդյունքների կախվածությունը նվազագույնի հասցնելու համար», - հայտարարել է Ճշմարիտյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար, և եթե այդ խնդիրը չհաջողվի լուծել, այն կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա որոշակի ոլորտներում, օրինակ, կազդի ներդրումների վրա: «Ես մեծ ջանք եմ գործադրում Հայաստանի և Միայցալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունների և ներդրումների խրախուսման ուղղությամբ: Սակայն ամերիկյան ներդրումներ ներգրավելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին վերաբերվում են միանման, որտեղ չկա անբարեխիղճ մրցակցություն, պետական ծառայությունները հավասարապես մատչելի են բոլորի համար», - նշել էր դեսպանը: Ըստ Միլզի, եթե ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված Հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այդ խնդիրները, դա կվնասի երկրում ներդրումներին: «Կոռուպցիան խոչընդոտում է մեր ընդհանուր շահերի իրագործմանը, որոնք առկա են Հայաստանի ժողովրդի հետ, խոչընդոտւոմ է մեր ընդհանուր նպատակների իրագործմանը, խոչընդոտում է մեր հարաբերություններին», - նշել էր նա: ԱՄՆ դեսպանը նաև գործարարներին հորդորել էր չվախենալ դիմակայելու կոռուպցիային և բարձրաձայնել այդ խնդրի մասին: