
Արմինֆո. Հայերն արժանի են ավելիին, քան՝ Ադրբեջանի հետ գործարքային խաղաղության համաձայնագիրը։ Այդ մասին ասվում է Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին քաղաքական խորհրդական Ժիրայր Ռաթեւոսյանի՝ Los Angeles Times-ում հրապարակված հոդվածում։
Ռաթևոսյանը նշել է, որ օգոստոսի 8-ին, երբ Սպիտակ տանը տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության համաձայնագրի եռակողմ ստորագրումը, ինքը հակասական զգացումներ է ունեցել՝ հետևելով Թրամփի վարչակազմի խաղաղարար ջանքերին Երևանի և Բաքվի միջև:
"Մի կողմից, ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ երկիրը՝ Միացյալ Նահանգները, աջակցում Հայաստանին և հայկական խնդիրներն առաջին տեղում դնում համաշխարհային ասպարեզում: Մյուս կողմից, այս պահն անիմաստ է թվում։ Եւ ինձ համար դա արտացոլում է ավելի խոր խնդիր. Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը վաղուց պակասում է հետևողականությունը, պատասխանատվությունը և ագրեսորներին դիմակայելու կամքը, անկախ այն բանից, թե որ կուսակցությունն է իշխանության ղեկին: Իսկ Վաշինգտոնում հայերը քիչ ընկերներ ու թույլ ներկայացուցչություն ունեն", - կարծում է քաղաքական գործիչը։
Նրա համոզմամբ՝ այդ համաձայնագիրը, ինչպես և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեծ մասը ներկայիս վարչակազմի օրոք կրում է ակնհայտ գործարքային բնույթ:
"Հայաստանը ստանում է ԱՄՆ անվտանգության երաշխիքներ և համագործակցություն արհեստական բանականության բնագավառում, ներառյալ ստեղծվող ԱԲ կենտրոնի աջակցությունը, որը կոչված է ամրապնդելու նրա արևմտյան ուղեգիծը։ Իսկ Ադրբեջանը փաստացի իմունիտետ է ստանում ՝ փոխանակ պատասխանատվություն կրելու Արցախի հայերի դեմ իր գործողությունների, ինչպես նաև զենքի վաճառքի և դեպի Թուրքիա տարանցիկ միջանցքի համար։ ԱՄՆ-ն ստանում է աշխարհաքաղաքական ավար. Թրամփի անունը դեպի Թուրքիա միջանցքում, տարածաշրջանում ազդեցության լծակներ և ներքին շուկայում ակնհայտ դիվանագիտական "հաղթանակ", - գրում է Ռաթևոսյանը։
Սակայն, նա վստահ է, որ այդ գործարքը հեռու է ավարտից, և դրանում որևէ կերպ չի հիշատակվում տեղահանված հայերի Արցախ վերադառնալու իրավունքը, անտեսվում է հայկական քաղաքների, տների և ձեռնարկությունների ավերումը, որևէ պարտավորություն չկա պահպանելու Արցախի մշակութային ժառանգությունը, և ոչինչ չի ասվում ռազմագերիների մասին։
"Հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչների համար դրանք աղաղակող և անընդունելի բացթողումներ են։ Թղթի վրա վերջերս անվանված "Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին", որը կապող օղակ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ներկայացվում է որպես չեզոք, կոոպերատիվ երթուղի, որը կառավարելու է ԱՄՆ-ը: Իսկ իրականում այն լուրջ հարցականների տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Միջանցքն անցնելու է Հայաստանի հարավային Սյունիքի մարզով, որը միակ ուղիղ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ, եւ կարող է թուլացնել սեփական սահմանները լիովին վերահսկելու, առեւտուրը կարգավորելու եւ կենսական կարեւորություն ունեցող հարավային կյանքի ուղու անարգել հասանելիությունն ապահովելու Երեւանի ունակությունը", - նշել է Ռաթեւոսյանը։
Նրա ասելով՝ օգոստոսի 8-ի համաձայնագիրը, լավագույն դեպքում, տարածաշրջանում հակամարտությունների իրական կարգավորման թույլ հույս է տալիս: Նրա խոսքով ՝ համաձայնագրի լիարժեք իրականացումը կարող է նպաստել ապագա սերունդների համար ավելի կայուն և բարգավաճ Հայաստանի կառուցմանը:
"Խնդիրն այն է, որ այդ համաձայնագիրը ԱՄՆ-ին ներդրումներ բերի վերականգնման, հաշվետվողականության և երկարաժամկետ անվտանգության գործում, ինչը կդառնա ավելին, քան, պարզապես, ֆոտոսեսիա: Եվ, նույնիսկ, թերի, անկատար համաձայնագրերը կարող են հնարավորություններ ստեղծել։ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք, որն ընդգծվում է համաձայնագրում, իր մեջ ռիսկ է պարունակում, բայց նաև հնարավորություն է ընձեռում անվտանգության, տնտեսական վերածննդի և մշակույթի պահպանման ոլորտում ավելի ամուր գործընկերության համար, եթե այդ առավելությունները հասնեն պատերազմ և շրջափակում վերապրած մարդկանց, այլ ոչ միայն՝ փաստաթղթեր ստորագրած առաջնորդներին", - շարունակել է Պետդեպարտամենտի նախկին խորհրդականը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին Հայաստանը զարմանալի տնտեսական բում է ապրել ՝ պայմանավորված տեխնոլոգիաներում ներդրումներով, զբոսաշրջությամբ եւ սփյուռքից վերադարձող տաղանդավոր մարդկանց ալիքով:
"Այս փխրուն ազդակը կարող է ամրապնդվել կամ բաց թողնվել՝ կախված հետագա իրադարձություններից։ Ես հարգում եմ նախագահ Թրամփին խաղաղության համաձայնագրերի ձգտման համար. ողջ աշխարհի առաջնորդները պետք է խաղաղությունը դարձնեն իրենց գերխնդիրը: Ամերիկահայ ուսանողները, որոնց հետ հանդիպել եմ օգոստոսի 8-ին, իրենց մեջ կրում են իրենց ծնողների և տատիկների ու պապիկների ցավը, եւ արժանի են ավելիին, քան խորհրդանշական ժեստերը կամ գործնական գործարքները: Նրանք արժանի են արդարության և ազատության՝ երազելու իրենց նախնիների հայրենիքի համար ավելի լավ ապագայի մասին: Ի վերջո, դա հույս է, որը մենք բոլորս կիսում ենք", - եզրափակել է Ռաթեւոսյանը։