
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, այցի նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին:
«Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, բժշկական փաստաթղթերը և այլն: Այցի արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
«Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ "Սև հովազ" ռազմա-հայրենասիրական կազմակերպության ղեկավար, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմը, ում 2024 թվականի սեպտեմբերին կալանավորել են "Հայաստանում իշխանության զավթման նախապատրաստման" գործով, ահազանգել էր, որ ձերբակալման պահին Գասպարյանը լիովին առողջ էր, մինչդեռ, այժմ նրա մոտ ի հայտ են եկել կյանքին սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն ներկայիս խափանման միջոցի հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին հաղորդել էր Հայաստանում իշխանության զավթում կազմակերպելու փորձի համար կասկածվող յոթ կասկածյալներից երեքի կալանավորման մասին։ Քննությունը պնդում է, որ 2024 թվականի ընթացքում Հայաստանում իշխանության զավթում նախապատրաստելու համար կասկածյալները ամսական 220 հազար ռուբլու դիմաց հավաքագրել են Հայաստանի և Արցախի քաղաքացիների։ Հավաքագրումը տեղի է ունեցել Ռուսաստանում եռամսյա հավաքներ անցնելու և նոր տեսակի ծանր զինատեսակների կիրառման, այնուհետև Հայաստան վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու հմտություններին տիրապետելու պատրվակով: Սեպտեմբերի 18-ին իշխանությունը զավթելու նախապատրաստության գործով կալանավորված Գասպարյանը մեղքը չի ընդունում։