
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները հաստատելու վերաբերյալ կարգը:
Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N343-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի հանձնարարականի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը մոտարկման պահանջները։
Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման ընդունմամբ կարդիականացվի մթնոլորտային օդի որակի պահպանման պետական քաղաքականությունը՝ հիմնված գիտական տվյալների, միջազգային լավագույն փորձի և հանրային առողջության և բնական էկոհամակարգերի պաշտպանության սկզբունքների վրա, կդրվեն մթնոլորտային օդի աղտոտվածության գնահատման ցուցանիշներ՝ հիմք ընդունելով առողջապահական ռիսկերը, բնապահպանական բաղադրիչը, կմշակվի աղտոտվածության չափման հստակ մեթոդաբանություն, կտեղայնացվի ստանդարտացված մեթոդները, դիտակայանների տեղադրման տարածական պլանավորում կիրականացվի՝ հիմնվելով աղտոտվածության տարածական բաշխման, բնակչության խտության և գոտիների և ագլոմերացիաների դասակարգման սկզբունքների վրա, կմշակվեն դիտակայանների միատեսակ չափանիշներ՝ ներառյալ տեխնիկական սարքավորումները, մոնիթորինգի հաճախականությունը և կալիբրացիոն պահանջները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը: Որոշմամբ, նախատեսվում է հանրապետության տարածքը բաժանել 1 ագլոմերացիայի և 5 գոտիների, սահմանել յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար հիմնական աղտոտվածության ցուցանիշները, սահմանել յուրաքանչյուր գոտում կամ ագլոմերացիայում մոնիթորինգի իրականացման եղանակը, դիտակայանների քանակն ու տեսակը։ Արդյունքում՝ կկազմակերպվի դիտակետերի ռացիոնալ ցանց՝ միաժամանակ ապահովելով ֆիքսված, ինդիկատիվ և մոդելային մեթոդների համադրման հնարավորություն, կբարձրանա մոնիթորինգի տվյալների տարածական ներկայացուցչականությունը և համադրելիությունը, կձևավորվեն օդի որակի վերահսկման ծրագրերի և ռազմավարությունների մշակման հստակ հիմքեր։