


Արմինֆո. Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, այսինքն, այն հիմնական ապօրինություններից մեկը, որը տեղի էր ունեցել մինչև Սամվել Կարապետյանի երկու ամսով կալանավորելու որոշումը: Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունում:
«Վերաքննիչ քրեական դատարանի միայն մեկ դատավոր է, ով կարող էր համաձայնել Սամվել Կարապետյանի կալանքի իրավաչափության հետ, և դա ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանն էր:
Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավորներ արդեն իսկ արձանագրել են, որ Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալումը, թե՛ խուզարկությունը եղել են ապօրինի: Չնայած դրան՝ Սամվել Կարապետյանը դեռևս կալանավորված է, արդեն իսկ 53 օր: Կալանքը մինչ այս պահը չի վերացվել, և ամենայն հավանականությամբ, առկա իրավիճակում այն երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու, որը պետք է լուծի Դատարանը», - նշվում է հայտարարությունում:
Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում ՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, ում մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։



