


Արմինֆո. Ակնհայտ է, որ բռնապետական ռեժիմի համար անհանդուրժելի են բոլոր այն անձինք, որոնք չեն համակերպվում Արցախի կորստի, նորանոր զիջումների հետ: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի 1.5 տարի ժամկետով կազատազրկմանը։
«Հերոսի հայրը կհայտնվի անազատության մեջ՝ Ռոման Բաղդասարյանի վրա խմելու ջուր լցնելու համար։ Սա աննախադեպ է դատական համակարգի ողջ պատմության մեջ։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նույն ադրբեջանասեր բլոգեր Ռոման Բաղդասարյանը ողջ օրը ներազգային թշնամանք է քարոզում և որևէ պատասխանատվության չի ենթարկվում։
Կամ լեզու, ականջ կտրող, քաղաքացու վրա թքող այս իշխանության անդամներին արտոնված է անել ամեն ինչ, իսկ ակնհայտորեն հանցակազմ չպարունակող այս արարքի դեպքում հերոսի հորը տանում են ազատազրկման։
Ակնհայտ է, որ բռնապետական ռեժիմի համար անհանդուրժելի են բոլոր այն անձինք, որոնք չեն համակերպվում Արցախի կորստի, նորանոր զիջումների հետ։
Եռաբլուրում մեր նահատակ հերոսների ծնողներին բռնության ենթարկելու հրաման տվող այս խմբակը չունի որևէ կարմիր գիծ, որևէ սրբություն։
Հիշեցնեմ, որ 2 ամսով կալանավորվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, մեր ընկերը, ազնվագույն հայը։ Ինչպես մյուսների, այնպես էլ Արայի դեպքում գործ ունենք շինծու մեղադրանքի հետ։ Արա Ռոստոմյանը ճաղերի ետևում է Սրբազան պայքարին աջակցելու համար։
Օրեր անց՝ օգոստոսի 17-ին՝ Մխիթարի ծննդյան օրը, Գարիկ Գալեյանն իր կնոջ և մանկահասակ որդու հետ պետք է այցելեր Եռաբլուր․․․
Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը քաղբանտարկյալներ են։ Հայրենիքին որդիներ տված, պայքարող, արժանապատիվ այս մարդկանց կալանավորումը չի՛ ներվելու ձեզ», - գրել է պատգամավորը։



