


Արմինֆո. Թավրիզի "Աշուրա" կորպուսում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդոլարահիմ Սարաին, խոսելով Ադրբեջանի Հանրապետությունում սիոնիստական ռեժիմի լայն ներկայության եւ ազդեցության մասին, դա լուրջ սպառնալիք է համարել երկրի անվտանգության եւ անկախության համար, հաղորդում է tasnimnews-ը:
«Սիոնիստական ռեժիմը լայն ազդեցություն ունի Ադրբեջանի Հանրապետությունում և կառուցել է խոշոր օդանավակայան, օրինակ, Խոդա Աֆարին գավառում գտնվող Աշեղլու գյուղի դիմաց, 17 կմ խորության վրա, որտեղից ամեն օր չվերթներ են իրականացվում այդ օդանավակայանների և Թել Ավիվի միջև:
Այդ ակնհայտ ներկայությունը վկայում է Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ սիոնիստական ռեժիմի լիակատար գերիշխանության մասին", - նշել է Սարաին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ուժեղացրել է անկայունությունը տարածաշրջանում և լուրջ սպառնալիք է ներկայացնում հարևան երկրների համար:
Նա կոչ է արել պաշտոնական անձանց և հանրությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հարցին՝ ասելով. "Այդ ազդեցությունը իսլամական երկրների համակարգն ու շահերը թուլացնելու ամերիկյան և սիոնիստական նույն ծրագրերի շարունակությունն է":
"Աշուրա" կորպուսում գերագույն առաջնորդի պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Իրանը միշտ մեծ նշանակություն է տվել իր անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը և դիմակայելու է ամեն մի ապակառուցողական գործողության:



