


Արմինֆո. Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանի պաշտպանական թիմի փաստաբան Լիաննա Գասպարյանը։
«2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի (ընդ որում՝ Արտակ Կարապետյանը Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է) կողմից կայացված որոշման դեմ ներկայացված Հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը։
Ինչով հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը կրել է բացահայտ ապօրինի բնույթ», - ընդգծել է փաստաբանը:
Նշենք, որ ավելի վաղ Կարապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ գործարարի կալանաավորումը կատարվել է դատավոր Արտակ Կարապետյանի անօրինական որոշման հիման վրա, ընդ որում, գործարարի պաշտպանական կողմը զրկվել էր այն վիճարկելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ բարերար եւ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը՝ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն էր հայտնել: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում) ։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։



