
Արմինֆո. Հայաստանի կառավարությունում "հիբրիդային պատերազմի եւ մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսեւորում" են որակել Periodista Digital (Իսպանիա) պարբերականի հրապարակումն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Հայաստանի Հանրապետության մարզը զիջել Միացյալ Նահանգներին:
Նշենք, որ պարբերականը հղում է անում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև գաղտնի հուշագրին, որը տարածվել է հայկական սփյուռքի շրջանում: Այն նախատեսում է 42 կմ երկարությամբ "Թրամփի կամուրջ" տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով եւ Ադրբեջանը կմիացնի Նախիջեւանի էքսկլավին: Տրանսպորտային միջանցքի կառավարումը կիրականացվի ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության կողմից: Երևանը կստանա երթուղու օգտագործման եկամուտի ընդամենըն 30% -ը: Պարբերականի տեղեկություններով ՝ հուշագիրն արդեն հավանության է արժանացել երեք երկրներում ։ «Հատկանշական է, որ հուշագիրը նախատեսում է ԱՄՆ նշանակալի ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում: Ըստ առկա տեղեկությունների ՝ դրանք կլինեն ոչ թե ԱՄՆ կանոնավոր զինված ուժեր, այլ մասնավոր ռազմական ընկերություն ՝ մոտ 1000 մարտիկ: Նրանք լիազորված կլինեն ուժ կիրառել", - գրում է աղբյուրը։
Ինչպես նշում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։
«Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։
Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Ն․ Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։
Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից», - ասվում է հաղորդագրությունում։