


Արմինֆո. Լոռու մարզի ևս 7 ընտանիք, որոնք տուժել են երկրաշարժից, պետական աջակցություն կստանան: Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 7 ընտանիքի ուղղակի ֆինանսական օգնության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանով ապահովելու անհրաժեշտությունը կապված է դատական կարգով նրանց իրավունքը վերականգնելու հետ: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 25-ի հրամանով աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովության ծրագրից հեռացված և դատարանի վճռով բնակարանի նկատմամբ իրավունքները վերականգնված 7 ընտանիքներ ճանաչվել են ծրագրի շահառու: Նրանց խնդիրների լուծման համար պետական բյուջեից կհատկացվի 51 մլն 780 հազար դրամ։



