


Արմինֆո. Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԵԽ շենքի ճեմասրահում կազմակերպել է "Անցյալի ապագան. հայկական ազգային տարազ" խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են "Տերյան" մշակութային կենտրոնի կողմից ստեղծված հայկական ավանդական տարազների կրկնօրինակները:
Ինչպես հաղորդում են ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, ցուցահանդեսը կընթանա հունիսի 23-27-ը՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում:
"Ցուցահանդեսի նպատակը հայկական մշակույթի բաղադրիչներից մեկի հանրահռչակումն է", - հաղորդել են Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը: Ցուցահանդեսին ներկա էին նաև ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, Եվրոպայի խորհրդի տարածքային և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մեթյու Մորենը, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դեսպաններ, դիվանագետներ և Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան փորձել ազգային տարազներից մի քանիսը և լուսանկարվել ցուցահանդեսի տարածքում գտնվող հատուկ տեղակայված լուսանկարչական տաղավարում, որը երեք կողմից պատված է հայկական ճարտարապետության հուշարձանների պատկերներով։



