


Արմինֆո. Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը
Ինչպես նշվում է ԲԸՏՄ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
«Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։
Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16․570․000 ՀՀ դրամ։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ միջադեպի մասին հայտնի էր դարձել դեռ 2 շաբաթ առաջ։ Խնդիրը բարձրաձայնել էր բլոգեր Էդուարդ Հայրումյանը, ով հրապարակել էր Երևանի բուսաբանական այգում առողջ կաղնիների զանգվածային հատման լուսանկարներ և տեսանյութեր: Տեսչական մարմնի արձագանքը հետևեց միայն բռնկված սկանդալից հետո։



